Լեհաստանում ՀՀ դեսպանատանը Արցախում զոհվածների հիշատակի միջոցառում է անցկացվել

17:46 • 11.04.16

Ապրիլի 10-ին՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, դեսպանատան բակում տեղադրված հայկական խաչքար հուշակոթողի մոտ, տեղի է ունեցել «Ցավում ենք և հպարտանում» խորագրով միջոցառում և մոմավառություն` որի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհված մեր հայրենակիցների հիշատակին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։


Լեհաստանում գործող հայկական կրթամշակութային, բարեգործական, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների, ուսանողների, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի բազմաթիվ այլ ներկայացուցիչների  մասնակցությամբ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների պետական դրոշների ներքո տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախում նահատակված զինվորների:
 

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշել է, որ Հայ ժողովուրդն այս դժվար փորձությունից պատվով և արժանապատվությամբ դուրս եկավ մեր հերոսների մահվան գնով: Նրա խոսքով, միջոցառման վայրը պատահաբար չի ընտրված, քանի որ դժվար պահին մեր ժողովուրդը պետք է համախմբի հավատով և պետության շուրջ, այդ իսկ պատճառով միջոցառումը կազմակերպված է դեսպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ:
 

Դեսպան Ղազարյանը կոչ է արել հայությանն այս դժվարին պահին լինել միասնական և համախմբված Հայոց անկախ պետականության կողքին:
 

Լեհաստանում ՀՀ դեսպանատանը Արցախում զոհվածների հիշատակի միջոցառում է անցկացվել