Շվեդիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է թուրք գործչի քրեական գործելաոճը
Շվեդիայում ՀՀ դեսպանությունն ապրիլի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով անդրադարձել է Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում նշված է. «Ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպություններ Ստոկհոլմի Սերյելս Տորյ հրապարակում անցկացրել են հանրահավաք։
Հանրահավաքի՝ հանրայնորեն տարածված տեսագրության մեջ Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններ է կատարել, որոնք պարունակում բռնություն, ատելություն եւ ռասայական խտրականություն հրահրելու բացահայտ հատկանիշներ, եւ արժանացել են հավաքի մասնակիցների եւ կազմակերպիչների բացահայտ աջակցությանը։
Դեսպանությունը դատապարտում է էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի եւ ատելության ցանկացած դրսեւորում եւ խորապես ցավում է նման քրեական գործելաոճի համար։ Դեսպանությունը լիահույս է, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի ատելության եւ այլատյացության այս դրսեւորումը և կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները Շվեդիայում հայազգի քաղաքացիների եւ հայկական հաստատությունների անվտանգության ապահովման համար»։
Ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Տորյ հրապարակում կազմակերպվել էր ցույց, որի մասնակցել են Շվեդիայում բնակվող մոտ 100 ադրբեջանցիներ եւ թուրքեր, Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին իր թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական և ազգայանամոլական հայտարարություններ։
Միջադեպն ապրիլի 11-ին լայն արձագանք է ստացել շվեդական մամուլում։ Շվեդահայ համայնքի բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ բողոք են ներկայացրել Շվեդիայի ոստիկանություն տվյալ անձի դեմ գործ հարուցելու պահանջով։










