ԿՀՎ-ն չի դիմի ջրի կիրառմամբ կտտանքների՝ անգամ նախագահից նման հրաման ստանալու դեպքում. ԿՀՎ ղեկավար
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հարցաքննությունների ժամանակ չի դիմի կոշտ միջոցների` մասնավորապես ջրի կիրառմամբ կտտանքների` նույնիսկ, եթե համապատասխան հրաման ստանա երկրի ապագա նախագահից:
Ինչպես նշում է lenta.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը։
«Ես չեմ համաձայնի մի շարք մեթոդների կիրառմանը, որոնք, ինչպես ես եմ լսել, քննարկվել են»,-ասել է Բրենանը` մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է կտտանքի այն ձևին, երբ հարցաքննվողին կապում են տախտակին, բերում կիսապառկած վիճակի ու վրան ջուր լցնում. դա հարցաքննվողի մոտ ստեղծում է ջրի մեջ խեղդվելու զգացողություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Թեդ Քրուզն իրենց ելույթների ժամանակ խոստովանել են, որ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում չեն բացառում հարցաքննության ժամանակ ջրի կիրառմամբ կտտանքների վերականգնումը։










