Հայաստանի հույները դատապարտում են Ադրբեջանի գործողությունները
Հայաստանի հույների հասարակական «Պատրիդա» կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի գործողություններն ընդդեմ ԼՂՀ-ի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը և նշեց, որ գաղտնիք չէ, որ հենց Անկարան է իր հանցավոր աջակցությունը ցուցաբերել ադրբեջանցիների կողմից իրականացվող պատերազմական գործողություններին:
«Թուրքիան աջակցել է ոչ միայն ֆինանսապես, տեխնիկայով, այլ նաև զինվորականներով ու «գորշ գայլեր» խմբավորման հանցագործներով: Սա այն նույն մարտավարությունն է, որը կիրառվեց նաև անցած դարում: Այս նույն տեխնոլոգիաներին հետևում էինք նաև 1992-1993 թթ.-ին, երբ լայնածավալ գործողությունների նախապատրաստման ընթացքում Թուրքիայի կառավարությունը հայտնեց իր աջակցությունը Ադրբեջանին»,-ասաց նա:
Ըստ նրա, այսօր էլ, Թուրքիայից կառավարվող հանցագործները հարձակվում են Արցախի խաղաղ բնակչության վրա: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Էդուարդ Պոլատովը նշեց, որ ՌԴ-ն, որպես ՀՀ-ի դաշնակիցը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, ինչպես նաև որպես Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող, շարունակում զինամթերք վաճառել, որոնց մի մասը հանձնվում է օտարերկրյա ահաբեկիչներին:
«Դրա մի մասն էլ օգտագործվում է ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության: Այսօր արդեն հայտնի է, որ Անկարայի ռեժիմը, ցեղասպանություն իրականացրած բարբարոսների ժառանգորդը ահաբեկչության ժամանակակից տարբերակ է ստեղծել՝իրականացնելով այն Արցախում»,- ասաց նա:










