Կանադայում հնդկացիների բնակավայրը «պատել» է ինքնասպանությունների ալիքը
Արտակարգ դրություն է հայտարարվել Կանադայի Օնտարիո նահանգի հյուսիս-արևելքում գտնվող հնդկացիների Ատավապիսկատ բնակավայրում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին 11 մարդ ինքնասպանության փորձ է կատարել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կանադայի առողջապահության նախարարությունը մոտ 2.000 հնդկացուց բաղկացած համայնք է ուղարկել արագ արձագանքման խմբեր, որոնց կազմում են բժիշկներ և հոգեբաններ։
Բնակավայրի շուրջ 100 բնակիչ է փորձել ինքնասպան լինել վերջին յոթ ամսվա ընթացքում: Նրանց մեծ մասին հաջողվել է փրկել, մեկ մարդ մահացել է։
Կանադայի բնիկ ժողովուրդների ասամբլեայի ազգային առաջնորդ Պերի Բելեգարդեն Ատավապիսկատում ճգնաժամն անվանել է պետական մասշտաբի ողբերգություն։
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն խոստացել է, որ կառավարությունը բոլոր ջանքերը կներդնի երկրի բնիկ ժողովուրդների կյանքի պայմանների բարելավման համար։










