Բրազիլիայում կողմ են քվեարկել նախագահի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելուն
Բրազիլիայի խորհրդարանական հանձնաժողովը կողմ է քվեարկել երկրի բյուջետային օրենքը խախտելու համար նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելուն։
Ինչպես հայտնում է ria.ru-ն, պաշտոնանկության գործընթաց սկսելուն կողմ է քվեարկել հանձնաժողովի 38 անդամ, իսկ դեմ` 27-ը։ Հաջորդիվ նախագահի պաշտոնանկության հարցը քննարկման կդրվի խորհրդարանի ստորին պալատում։ Որպեսզի հարցը քննարկվի Սենատում, անհրաժեշտ է ստանալ ստորին պալատի օրենսդիրների 2/3-րդի համաձայնությունը։
Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը թույլ էր տվել հետաքննություն սկսել հարկային խախտումների գործով, որում շոշափվում էր նաև Ռուսեֆի անունը։ Կան կասկածներ, որ ներկայիս նախագահը 2014թ. կայացած նախընտրական քարոզարշավի անցկացման համար ծախսել է կոռուպցիոն ճանապարհով ձեռքբերված գումարներ։
Ինքը` Ռուսեֆը, այս մեղադրանքները հերքում է։










