Զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրական տան շինարարությունն արդեն սկսվել է. Բորիս Մուրազի (լուսանկարներ)

20:59 • 12.04.16

Շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանի հայրական տան շինարարությունն արդեն սկսվել է. Tert.am-ին տեղեկացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին:

 

Նա նշեց, որ Սլոյանների տան տանիքի ծախսն իր վրա էր վերցրել Արդարադատության նախարարությունը, որի ներկայացուցիչը, սակայն այսօր Սլոյանների ընտանիքին է փոխանցել գումարը՝ 600 հազար դրամ, քանի որ «Շեն հոլդինգ» կազմակերպությունն արդեն իսկ իր միջոցներով պարտավորվել է վերանորոգել Սլոյանների տունը: Ըստ նրա՝ տանիքի կառուցման համար շինանյութը կտրամադրի «Սեմուր ընդ Քո» կազմակերպությունը:

 

Բորիս Մուրազին նաև նշեց, որ կազմակերպության աշխատակիցները բարեկարգում են նաև Սլոյանների տուն գնացող ճանապարհը, որը մինչ այդ գրեթե անանցանելի վիճակում էր:

 

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահը դեռ վաղ համարեց հայտնել, թե այս ընտանիքին օգնելու համար բացված հաշվեհամարներին արդեն իսկ ինչքան գումար է հավաքվել:

 

Միայն նշեց, որ կհրապարակեն հավաքված գումարի չափը շաբաթվա վերջում, Հյուսիսային պողոտայում այս նպատակով անցկացվելիք միջոցառումից հետո:


 

 

Զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրական տան շինարարությունն արդեն սկսվել է. Բորիս Մուրազի (լուսանկարներ)