Թե ինչպես հայ գիտնականների` անօդաչու թռչող սարքին կցվող հետախուզական սարքի առաջարկը հետաքրքրեց ՊՆ-ին
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ամբիոնի դասախոս Օլեգ Գասպարյանը ՊՆ ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանին, ինչպես նաև Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի տնօրենին առաջարկել է անօդաչու թռչող սարքին (ԱԹՍ) ամրակցվող հետախուզական սարքի նախագիծ, որը մոտ 30-40 տոկոս ավելի էժան է, քան շուկայում եղած անալոգները, և չնայած եղել է հետաքրքրություն, սակայն ամիսներ են անցել ու ոչ մի պատասխան ու պատվեր չի հետևել:
Այս մասին Tert.am-ին ասաց ինքը՝ Օլեգ Գասպարյանը՝ մանրամասնելով. «Մենք նույնիսկ Խանփերյանցի անվան ինստիտուտի տնօրենից նամակ ենք ստացել այն մասին, որ այդ թեման մեզ շատ պետք է, մի երկու ամիս առաջ էլ ՊՆ-ից Մուրադ Իսախանյանը եկավ Պոլիտեխնիկ, ներկայացրեցինք, որ սա ունենք, բայց որպեսզի այս սարքը դառնա լաբորատոր նմուշ պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում: Ասացին` «այո, այո, շատ լավ է, կանենք ու գնացին, որից հետո ոչ մի արձագանք»:
Նշենք, որ այդ սարքի արտասահմանյան նմուշների շուկայական գինը 5 000 -20 000 հազար դոլար է:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Իսրայելից ձեռք բերված ադրբեջանական ԱԹՍ-ն էր, որ հարվածեց Սիսիանից Ղարաբաղ մեկնող հայ կամավորականների ավտոբուսին։
«ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի 2013 թ. մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորել Օլեգ Նիկոլայի Գասպարյանի կողմից ներկայացված «Անօդաչու թռչող ապարատների ադապտիվ ինքնաղեկասարքի և բարձր ճշտության գիրոկայունացված հարթակի մշակումը և լաբորատոր նմուշի պատրաստումը» թեման:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորման չափը կազմել է 15 մլն ՀՀ դրամ, իսկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կողմից համաֆինանսավորման չափը` 6 մլն ՀՀ դրամ»։
«Այնտեղ տեսախցիկ կա, որը հետևում է թիրախներին և հաղորդում կայան, որտեղ նստած են մասնագետներ և կարդում են ինֆորմացիան»,- մանրամասնեց գիտնականը:
Ըստ նրա ամփոփման` կոնկրետ անօդաչու սարքերի նախագծումը Հայաստանում անիմաստ է, որովհետև աշխարհում այդ առաջարկը հագեցած է մի քանի հարյուր դոլարից սկսված մինչև մի քանի հարյուր հազար դոլար։ «Պատրաստի կա ցանկացած գնի, բայց լոկալացված հարթակը, որը հետևում է ցանկացած թիրախի, այ, դա, որ նախագծել ենք, միանգամայն իմաստ ունի, որովհետև, կրկնում եմ` 30-40 տոկոսով էժան է դրսի առաջարկներից»,- ասաց Օլեգ Գասպարյանը:










