Պերուում պանամական Mossack Fonseca ընկերության գրասենյակում խուզարկություններ են անցկացվել
Պերուի հարկային ծառայությունը խուզարկություններ է իրականացրել Mossack Fonseca պանամական ընկերության ներկայացուցչությունում։
Նախօրեին՝ ապրիլի 11-ին, անցկացված խուզարկություններն իրականացվել են օֆշորների միջոցով հարկերի խուսափման հնարավոր փաստերը պարզելու համար, հաղորդում է РИА Новости-ն։
El Financiero-ի հաղորդմամբ՝ Պերուի հարկային ծառայության մոտ 20 աշխատակիցներ ոստիկանության աջակցությամբ առգրավում են ընկերության գրասենյակի փաստաթղթերը։
Ավելի վաղ Սալվադորի դատախազությունն է խուզարկություններ իրականացրել և առգրավել փաստաթղթերը՝ այսպես կոչված «պանամական թղթեր»-ի հրապարակումից հետո առաջացած սկանդալի հետաքննության առնչությամբ։
Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։
Գերմանական Sueddeutsche Zeitung-ը հրապարակել է Mossack Fonseca պանամական իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնք, ինչպես պնդում է թերթը, վկայում են օֆշորային սխեմաներին մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մերձավորների ներգրավվածության մասին։
Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։
Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։










