Էրդողանին նվիրված սկանդալային բանաստեղծության հեղինակը ոստիկանության հսկողության տակ է առնվել

11:37 • 13.04.16

Գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանը, ով հեռուստաեթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին «վիրավորական» բանաստեղծություն էր ընթերցել, ոստիկանության հսկողության տակ է առնվել, գրում է korrespondent.net-ը։

 

Ինչպես հայտնել են Գերմանիայի ոստիկանությունից, Բեմերմանի տունը հսկողության տակ է առնվել։ Մուտքի մոտ հսկում է ոստիկանական մեքենան։

 

Ավելի վաղ Էրդողանը Բեմերմանի դեմ գերմանական իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պահանջելով երգիծաբանին պատասխանատվության ենթարկել վիրավորանքի համար։
Գերմանիայի դատախազությունն արդեն սկսել է ստուգումներ իրականացնել։ Դրա արդյունքները կհրապարակվեն մի քանի օրվա ընթացքում։

 

Բեմերմանը սկանդալային բանաստեղծությունն ընթերցել է մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման շրջանակում: Դրանից առաջ նա բացատրել է, որ Գերմանիայում երգիծական ստեղծագործություններ ստեղծելիս կան թույլատրելիության որոշակի սահմաններ, և ընթերցել է իր ստեղծագործությունը՝ որպես «օրինակ, թե ինչ ոչ մի դեպքում չի կարելի անել»։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է ազատ խոսքի կարևորությունը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից գերմանական հեռուստաալիքի երգիծաբանի դեմ գործ հարուցելու պահանջին։

Կանցլերը շեշտել է, որ Գերմանիայի Սահմանադրությունը երաշխավորում է «գիտական և արվեստի շրջանակներում արտահայտման ազատությունը»։

Էրդողանին նվիրված սկանդալային բանաստեղծության հեղինակը ոստիկանության հսկողության տակ է առնվել