Ֆրանսիայում առաջարկել են քննարկել մարիխուանայի օրինականացման հարցը
Ֆրանսիայի վարչապետին կից խորհրդարանի հետ կապերի հարցերով քարտուղար Ժան-Մարի Լե Գենը կոչ է արել կառավարությանը վերսկսել Ֆրանսիայում մարիխուանայի պահման, օգտագործման և վաճառքի օրինականացման շուրջ քննարկումները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վերջերս անցկացված հարցման համաձայն՝ Ֆրանսիայում գրանցվել է Եվրոպայում դեռահասների շրջանում մարիխուանայի օգտագործման ամենաբարձր տոկոսը։
Ինչպես հայտնել է քարտուղար-նախարարը BFM TV ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում, բարոյական քարոզներն ու արգելքներն օրենսդրական մակարդակում մարիխուանա օգտագործող երիտասարդների աճող թվի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ չեն։
Լե Գենը նշել է, որ կոչն անում է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ ֆրանսիական կառավարության հանձնարարությամբ։
Սոցիալիստական կուսակցությունը, որի անդամ է Լե Գենը, դեռ չի արձագանքել այդ կոչին, իսկ ֆրանսիական խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ կառավարությունը դեռ պլաններ չունի մարիխուանայի ապաքրեականացման վերաբերյալ։










