Գերմանիայում գնացքների բախումը ենթադրաբար տեղի է ունեցել դիսպետչերի՝ բջջային հեռախոսով խաղ խաղալու հետևանքով

10:10 • 13.04.16

Գերմանիայում փետրվարին 11 մարդու մահվան պատճառ դարձած գնացքների բախման գործով ձերբակալվել է դիսպետչերը։ Դատախազները կասկածում են, որ նա շեղվել է բջջային հեռախոսի խաղի պատճառով, ինչն էլ հանգեցրել է երկաթուղային վթարին։

 

Դատախազության տվյալներով՝ դիսպետչերը տարվել է իր բջջային հեռախոսում խաղային հավելվածներով և այդ պատճառով սխալ նշաններ է ուղարկել գնացքներին, իսկ այնուհետև սխալ համարներ է հավաքել արտակարգ զանգի համար և չի կարողացել կապվել մեքենավարներից ոչ մեկի հետ:

 

Երկաթուղային ընկերության աշխատակիցը, որի անունը չի նշվում, ընդունել է իրադարձությունների նման վարկածը:

 

Գնացքների բախումը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Մյունխենից 60 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Բադ-Այբլինգ քաղաքի մոտակայքում։ Հարյուրավոր ուղևորներ վնասվածքներ են ստացել։ Վթարի հետևանքով մի գնացքը դուրս է եկել երկաթուղային գծերից, մի քանի վագոն շուռ է եկել:

 

Գերմանիայում գնացքների բախումը ենթադրաբար տեղի է ունեցել դիսպետչերի՝ բջջային հեռախոսով խաղ խաղալու հետևանքով