Օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Mossack Fonseca-ի պանամական գրասենյակում խուզարկություն է անցկացվել

10:01 • 13.04.16

Օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված Mossack Fonseca իրավաբանական ընկերության` Պանամայում գրանցված շտաբ-բնակարանում իրավապահներն ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները խուզարկություն են անցկացրել։


Ինչպես հայտնում է The Guardian-ը, խուզարկության նպատակն է եղել փողերի լվացման, օֆշորային հաշիվների ու ահաբեկչության ֆինանսավորման կասկածներն ապացուցող փաստերի հայտնաբերումը։

 

Բացի այդ, իրավապահները փնտրել են օրեր առաջ համացանց արտահոսած գաղտնի տեղեկությունների հետ կապված փաստաթղթերը։

 

Սակայն Mossack Fonseca-ն հրաժարվել է ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները` նշելով, որ ընկերությունը զբաղվել է միայն իր հաճախորդների համար օֆշորային հաշիվների ու անոնիմ ընկերությունների հիմնման գործով ու ամենևին էլ ներքաշված չէ օֆշորային հաշիվների միջոցով փողերի լվացման մեջ։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը` ICIJ-ը, հրապարակել է մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։

 

Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները:

 

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

 

Օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Mossack Fonseca-ի պանամական գրասենյակում խուզարկություն է անցկացվել