Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը հայտնել է վարչապետ դառնալու պատրաստակամության մասին

12:52 • 13.04.16

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է ապագա կառավարությունը գլխավորելու իր համաձայնության մասին, ինչպես նաև հայտնել է ապագա կառավարության ձևաչափի շուրջ խորհրդարանական կոալիցիայի անդամների կողմից փոխզիջման հասնելու մասին, հաղորդում է Интерфакс-Украина-ն։

 

«Մենք հասել ենք ընդունելի ձևաչափի, որը թույլ կտա դուրս գալ ճգնաժամից, որում մենք այսօր գտնվում ենք»,- հայտարարել է Գրոյսմանը՝ չորեքշաբթի բացելով Գերագույն ռադայի առավոտյան նիստը:

 

Նա նաև տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը խորհրդարանական կոալիցիայի անդամները հնարավորություն կունենան քննարկելու նախարարների կաբինետի առաջարկվող ձևաչափը։

 

«Կարծում եմ՝ այսօր հնարավորություն կունենանք հանդիպելու, կոալիցիայի ժողով անցկացնելու համար, որպեսզի վաղը քվեարկություն լինի նոր կառավարության ստեղծման, գործողությունների ծրագրի հաստատման հարցով»,- ասել է խոսնակը:

 

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ չորեքշաբթի առավոտյան Facebook-ի իր էջում խոսնակը հայտարարել է, որ համաձայն է գլխավորել կառավարությունը։ Նա ընդգծել է նաև, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ապագա կառավարությանն անհրաժեշտ կլինի զգալի աջակցություն։

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը հայտնել է վարչապետ դառնալու պատրաստակամության մասին