Բոստոնում շարունակվում է Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված վահանակների տեղադրումը
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող Peace of Art, Inc. շահույթ չհետապնդող կրթական կազմակերպությունը շարունակում է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արշավը:
Ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպությունը Մասաչուսեթսի տարբեր քաղաքներում Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված թվային վահանակներ է տեղադրում:
Առաջին «երկիմաստ» գովազդային վահանակը տեղադրվել է Բոստոնի Ֆոքսբորո արվարձանում գտնվող «Ջիլետ» մարզադաշտի մոտակայքում: Վահանակի մի կողմում պատկերված են Ցեղասպանությունը վերապրած հայ որբերը, իսկ դեղին տառերով գրությունն ասում է «1.5 միլիոն զոհ. 150 000 որբեր»:
Վահանակի մյուս կողմի էկրանին պատկերված գրության «Օ» տառը փոխարինվել է դեղին վարդերի փնջով, իսկ գրությունն ասում է «Ի հիշատակ բոլոր Ցեղասպանությունների զոհերի, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին»: Հետևի ֆոնին պատկերված անմոռուկները խորհրդանշում են ճիչ արձակող զոհերի և արդարություն ու ճանաչում պահանջողների աչքերը:












