Reuters-ի նախկին խմբագիրը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ հաքերներին օգնելու համար
ԱՄՆ-ի դատարանը Reuters ընկերության նախկին աշխատակից, սոցիալական ցանցերի խմբագրի տեղակալ Մեթյու Կիզին դատապարտել է երկու տարվա ազատազրկման Los Angeles Times թերթի կայքին հասանելիություն ստանալու և նյութի մեջ փոփոխություններ կատարելու հարցում Anonymous խմբավորման հաքերներին օգնելու համար, հաղորդում է korrespondent.net-ը։
2013 թվականին Կիզը մեղադրվել է Anonymous-ի հաքերներին մի քանի պարբերականների, այդ թվում՝ Los Angeles Times-ի սեփականատեր հանդիսացող Tribune Co կորպորացիայի համակարգչային համակարգը կոտրելու հարցում օգնություն տրամադրելու համար։
Դատախազության տվյալներով՝ նա հաքերներին տվյալներ է տրամադրել համակարգ մուտք գործելու համար: Մեղադրանքների ներկայացման ժամանակ Կիզն աշխատել է Reuters.com կայքում, ինչից հետո հեռացվել է աշխատանքից:
Պաշտպանությունը պնդում էր, որ հաքերային հարձակման հետ դրվագը կատակ է եղել, որը լուրջ վնաս չի հասցրել: Մեղադրական կողմը, սակայն, պնդել է, որ ընկերության աշխատակիցները ծախսել են 333 ժամ առաջացած խնդիրը լուծելու համար, ինչն արժեցել է կորպորացիային մոտ 18 հազար դոլար:










