Ուկրաինայի Ռադան ընդունել է Յացենյուկի հրաժարականն ու նոր վարչապետ է նշանակել
Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր ընդունել է վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականն ու կառավարության նոր ղեկավար է նշանակել Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանին։
Նման որոշման օգտին քվեարկել է 257 պատգամավոր՝ այն դեպքում, երբ անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռադային էր ներկայացրել Գրոյսմանի թեկնածությունը։
Կիրակի Յացենյուկը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, սակայն իր «Ազգային ճակատ» խմբակցությունը շարունակում է մնալ կոալիցիայի կազմում։ Նա կարծում է, որ իր հրաժարականը երկրում ստեղծված արհեստական քաղաքական ճգնաժամի հետևանքն է, ինչի նպատակը եղել է իր պաշտոնանկությունը։
Վարչապետի հրաժարականը հանգեցրել է ողջ կառավարության հրաժարականին։ Վարչապետն ու նախարարները շարունակելու են աշխատել որպես պաշտոնակատարներ՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։










