Այս օրերին մեր քաղաք են մտել որոշ ուժեր, ովքեր ապակայունացնում են այն. Արամ Դանիելյան
Այսօր Հրազդանում ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Առաջադրված երեք թեկնածուներից գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ խոստացավ հրազդանցիներին իրեն ընտրելու դեպքում լուծել բոլոր այն խնդիրները, որոնք չի հասցրել։
«Այս օրերին դժվար է խոսել նախընտրական քարոզչությունից, որովհետև մեր երկրի սահմաններում անհանգիստ է, բոլորի ուշադրությունը այնտեղ է, բայց մեր ժողովուրդը մի բուռ դարձավ, կանգնեց զինվորների, Արցախի կողքին, չնայած, ցավոք, զոհեր ունեցանք»,- իր ելույթում ասաց Արամ Դանիելյանը։
Անդրադառնալով իր մրցակից, Հրազդանի նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանի երեկվա ելույթին, Արամ Դանիելյանը նշեց, թե դա թատերական ներկայացում էր։
«Երեկ դուք տեսաք, թե բեմում ինչ կատարվեց, քաղաքական թատերաբեմ էր այստեղ, մեր քաղաքի խնդիրները դարձրել էին իրենց թատերական բեմի օրակարգ։ Նրանք, ովքեր թատրոն էին խաղում, տասնյակ տարիներ Ազգային ժողովի պատգամավոր էին, քաղաքապետ էին, բայց ոչ մի անգամ քաղաքային իշխանությունների կողքին չեն կանգնել, ոչ մի հարց չեն լուծել, բայց անմեղ տեսքով եկել կանգնել են այստեղ ու խոսում են խնդիրներից»,- ընդգծեց նա։
Արամ Դանիելյանը նշեց, որ հրազդանցին իմաստուն է ու համեմատում է Սասուն Միքայելյանի և իր պաշտոնավարման ժամանակները՝ համոզվելով, որ նախկինում որևէ բան չի արվել։
«Կարծում եմ, որ իրենց պրովոկացիաները չեն ստացվի, որովհետև հրազդանցին իմաստուն է։ Բոլորդ լավ գիտեք, որ ես գոռալ չգիտեմ, բայց լավ տիրապետում եմ քաղաքի խնդիրներին, ունեմ հզոր թիմ, մենք առաջիկա տարիներին բարեկեցիկ կդարձնենք մեր քաղաքը։ Այս օրերին մեր քաղաք են մտել որոշ ուժեր, ովքեր ապակայունացնում են մեր քաղաքը, իրենք աշխատում են արևմտյան գործելաոճով, իսկ մենք բոլոր խնդիրները գիտենք, իմացեք, որ էդ խնդիրներ լուծողները մենք ենք՝ մեր իշխանությունների հետ միասին»,- շեշտեց գործող քաղաքապետը։
Արամ Դանիելյանին աջակցելու էր եկել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով ևս նշեց, որ դժվար է այս օրերին խոսել ընտրություններից, երբ սահմանին զինվորներ են զոհվում։ Ամեն դեպում Գուլոյանը նշեց, որ երկրի համար կարևոր է նաև ներքին կայունությունը, ուստի ինքը որպես մարզպետ կանգնած է գործող քաղաքապետի կողքին, որ ապագայում Հրազդանում մեծ ծրագրեր նախաձեռնեն, լուծվեն բազմաթիվ հիմնախնդիրներ։
«Որևէ մեկը չի կարող լուծել այս քաղաքի խնդիրները բացի տեղի և երկրի իշխանություններից։ Դուք լավ գիտակցում եք, որ մարզպետի ու քաղաքապետի լավ հարաբերությունների դեպքում կարող են քաղաքում դրական աշխատանքներ կատարել, հակառակ դեպքում քաղաքի զարգացումը պատկերացնել հնարավոր չէ»,- շեշտեց Գուլոյանը։
Կոտայքի մարզպետը վստահեցրեց՝ առաջիկա տարիներին ունենալու են բոլորովին նոր Հրազդան, իսկ դրա համար պետք է ընտրել գործող քաղաքապետին։
Ելույթ ունեցավ նաև Հրազդանի բնակչուհի Անիկ Գրիգորյանը, ով գործող քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանին հորդորեց հաղթանակի զուր հույսեր չունենալ, ապա անդրադարձավ Միքայելյանին աջակցող դերասան Հովհաննես Ազոյանին ու Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանին։
«Եկել է ստեղ դերասանություն է անուն էն խուճուճը․․․ Մենք դերասանի կարիք չունենք, մենք ունենք քաղաք։ Եկել ասում է, թե վերելակները փչացել են, չեն աշխատում, որ պարոն Դանիելյանը չի սարքում։ Պարոն Դանիելյանն ի՞նչ անի, որ բնակիչը վերելակը լրիվ քանդել ա, ծախել, կլադովկա սարքել։ Հո իրնց գրպանից չե՞ն հանելու դնեն։ Ձեր ցավը տանեմ, միաձայն կերպով ընտրենք մեր գործող քաղաքապետին, ինքը 14 տարի ծառայել ա մեզ, Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չի հիշել, որ Հրազդան գոյություն ունի։ Հո Ծառուկյան Գագիկի նման ժողովրդին չի օգնել, չի հասել մեզ։ Նիկոլը մեր մոտ տեղ չունի, լիրբ կնկա նման ընգել ա մեյդան, ղժղժում ա, նրան ո՞վ ա հաշվի առնում։ Գնում ենք, ընտրում ենք Արամ Դանիելյանին ու Փաշինյանին ուղարկում ենք խո պահելու, շան փետ կտրելու»,- ասաց բնակչուհին։
Ուշագրավ ելույթ է ունեցավ նաև նախկին ազատամարտիկ, ծագումով հրազդանցի Աշուղ Ալմաստը. «Սասուն Միքայելյանը իրոք կռված տղա է: Ժամանակին մեր հազարավոր հայրենակիցների նման նա պայքար է մղել մեր Հայրենիքի համար: Ցավոք, ժամանակը փոխում է մարդկանց: Այդպես եղավ նաև Սասուն Միքայելյանի հետ, նա չդիմացավ՝ պաշտոնին, փողին, հարգանքին: Սասունը կռվում էր Սերժ Սարգսյանի հրամանատարության տակ, զինակից ընկեր է կոչում մեր նախագահին: 2008 թվականին նա թողեց այն թիմը, որի անդամ էր, լքեց իր հրամանատարին, միացավ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հայտարարեց, որ իր համար հրամանատար է եղել Լևոնը: Ի՞նչ եղավ հետո՝ դա էլ ենք հիշում: Սասունը լքեց նաև իր երկրորդ հրամանատարին, թողեց Լևոն Տեր Պետրոսյանին: Գնաց Նիկոլի մոտ: Հրազդանցին նաև լավ է հիշում, որ 1999 թվականին Հրազդանի քաղաքապետ Սասուն Միքայելյանը լքեց Հրազդանը, թողեց մեզ, մեր քաղաքը, մեր հոգսերը հանուն դեպուտատի պաշտոնի: Պատերազմում կռված տղա Սասունը լքեց իր երկու հրամանատարներին, պաշտոնի խաթր թողեց մեր քաղաքը, իսկ այսօր ուզում է հետ գալ: Չի ստացվելու, պարոն Միքայելյան: Հրազդանը գնացած հետ եկածների համար չի: Հրազդանի մեր քաղաքի հոգսով ապրող, մեր քաղաքը չուրացող քաղաքապետի կարիք ունի: Եվ վերջում, մի խորհուրդ էլ Նիկոլին տամ: Նիկոլ ջան, քո դեմ բան չունենք: Ոչ մեկի դեմ բան չունենք: Վատ տղա չես երևում, բայց երիտասարդ ես շատ ու անփորձ: Թե չէ չէիր գա հրազդանցու օջախ, հրազդանցու տուն ու մեզ փորձեիր խելք սովորացնել: Եթե չգիտակցելով ես արել, ոչինչ: Իսկ եթե քեզ մեր ժողովրդից ավելի խելոք ու հասկացողի տեղ ես դրել, կամ էլ մտածում ես, որ մեր հաշվին առաջ ես գնալու, այ այդտեղ չարաչար սխալվում ես: Գնա ձեր տանը դասեր տուր ու խելք սովորացրա: Մեր տան մեջ տերը մենք ենք, հրազդանցիներս: Բայց չմտածես, թե մենք հյուրընկալ չենք: Մենք շատ հյուրընկալ տան տերեր ենք: Շեշտում եմ՝ տան տերեր: Ուստի հաջորդ շաբաթ հրավիրում ենք Նիկոլին և իր թիմին Հրազդան, Արամ Դանիելյանի հաղթանակը նշելու»:





















