Մենք խաղաղապահներին դեմ ենք, հո չե՞նք դնելու գլուխներս գիլիոտինի տակ. ԼՂ ԱԺ պատգամավոր

15:09 • 15.04.16

 

Արցախում դեմ են խաղաղապահ ուժերի տեղակայմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թե՛ եզրափակիչ, թե՛ ընթացիկ փուլերում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Վարդգես Բաղրյանը:


«Եթե մեր թշնամին ասում է, որ յոթ տարածքներն են իմը, Ղարաբաղն է, Սևանն է իմը, Երևանն է իմն է, էլ ինչի՞ ենք բանակցում, ինչի՞ ենք խաղաղապահ ուժեր տեղակայում, էդ որտե՞ղ ենք տեղակայում: Ես շատ ժամանակավրեպ եմ համարում այդ մասին խոսելը, այսինքն՝ որ ի՞նչ: Ի՞նչ երաշխիքներ կան…»,- նշեց Վադգես Բաղրյանը՝ հորդորելով քիչ արծարծել այս թեման:
 

ԼՂ ԱԺ պատգամավորը շեշտեց, որ ԵԱՀԿ-ն քանի տարի է խոսում է խաղաղապահների տեղակայման մասին, բայց հատկապես վերջին դեպքերը ցույց տվեցին, որ խաղաղապահների տեղակայումն անհնար է:


«Ո՞նց են պատկերացնում, որ մի տարածք տան, խաղաղապահներ տեղադրեն, բայց հնարավոր է, որ հենց այդ նույն խաղաղապահները, որոնք տեղակայված կլինեն, բա որ վաղը թողնեն դուրս գան ու Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա»,- ասաց Բաղրյանը՝ շեշտելով, որ իրենք վստահություն չունեն, որ խաղաղապահները կերաշխավորեն Արցախի անվտանգությունը:

 

«Մենք տեսե՞լ ենք այդ խաղաղապահ ուժերին խորհրդային տարիներին, տեսել ենք չէ՞, որ միակողմանի է եղել, ի՞նչ անենք՝ գլուխներս դնենք գիլիոտինի տակ կտրե՞ն»,- նշեց ԼՂ ԱԺ պատգամավորը:

 

Անդրադառնալով Հայաստանից հնչող մեղադրանքներին, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, անգործություն է ցուցաբերում, որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները՝ զենք վաճառելով հակառակորդ պետությանը, Վարդգես Բաղրյանը համաձայնեց՝ նշելով. «Մեզ հերթական անգամ խաբել են: Երկու կարծիք այստեղ չկա: Ռուսաստանը մեզ խաբել է: Մեզ միշտ ասել են, որ զենքը չի կրակի մեզ վրա, որ Ադրբեջանին վաճառած ռուսական զենքը չի կրակի, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, որ անվտանգության հավելյալ երաշխիքներ տրվեն Ղարաբաղին, բայց մեզ խաբեցին ու այդքանից հետո Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարում է, որ էլի պետք է վաճառեն: Միթե՞ պարզ չէ, որ հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք»:

 

Մենք խաղաղապահներին դեմ ենք, հո չե՞նք դնելու գլուխներս գիլիոտինի տակ. ԼՂ ԱԺ պատգամավոր