Կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը. ՌԴ Դաշնային ժողովի անդամների բացատրությունները Ադրբեջանին զենք վաճառելու հարցով
Պետությունների միջև զենքի առքուվաճառքը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, և ոչ մեկի դա չի զարմացնում. ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստից հետո ասաց ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Չեկալին ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչքանով է արդարացված ՀՀ-ի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի զենքի վաճառքը Ադրբեջանին:
«Դա ավելի շատ տնտեսական, քան քաղաքական հարց է: Ադրբեջանը բացի ռուսական զենքից գնում է նաև իսրայելական, ուկրաինական զենք: Եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, ապա անմիջապես այդ տեղը կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը, իսկ այդ զենքն ավելի մահաբեր ու սարսափելի կլինի: Ես ցանկանում եմ ընդգծել, որ կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը: Դրա համար հարկավոր է աշխատել քաղաքական գործիչների հետ, հասարակությունների հետ, և այդ դեպքում ոչ ռուսական և ոչ էլ այլ երկրի զենքը չի կրակի»,- ասաց նա:
Ալեքսանդր Չեկալինը նշեց, թե հայկական կողմը մոլորության մեջ է, եթե կարծում է, թե լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական զենք՝ այն չի կրակի: «Այն կկրակի ավելի մեծ ուժով»,-ասաց նա:
Ռուս խորհրդարանականի համոզմամբ՝ մարդկանց կյանքերը փրկելու, պետական ինքնությունն ապահովելու միակ եղանակը խաղաղ գործընթացների ապահովումն է:
«Եթե այսօր որևէ կողմ հույսը կդնի ռազմական դիմակայության վրա, անուղղելի աղետ կլինի: Կլինի ահռելի պատմական սխալ: Սա իմ տեսակետն է, ես շատ թեժ կետերում եմ եղել և հաստատ կարող եմ պնդել սա»,- ասաց նա:
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատևը նշեց, թե իրենց նպատակն է հասնել նրան, որ տարածաշրջանում առկա զենքը որևէ դեպքում չկիրառվի զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից:
«Հարկավոր է հասկանալ, որ Ռուսաստանը երկար ժամանակ է այս տարածաշրջանում: Մեր նպատակն է այնպես անել, որ ողջ միջազգային հանրությունը, այս տարածաշրջանում առկա քաղաքական ուժերը հրաժարվեն զենք կիրառելուց: Բոլոր երկրները ելնում են նրանից, որ պետությանը պետք է ԶՈՒ, դրա համար մենք չենք կարող ընդհանրապես հրաժարվել զենքից: Սակայն մեր քաղաքական ուժը կայանում է նրանում, որ ստիպենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զենքը կիրառել ագրեսիվ նպատակների համար՝ հրաժարվեն դրանից»,- ասաց նա:
Կոնդրատևը հիշեցրեց, թե ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցություններ է վարել, ինչի արդյունքում քառօրյա պատերազմն ավարտվել է: «Մենք պետք է հասկանանք, որ այս ամենի հետևանքները կարող էին ավելի ծանր լինել: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանն իր պարտավորությունները կատարելու երաշխավորն է: Իսկ հիմա մեր աշխատանքը միտված է նման իրավիճակները բացառելուն»,- ասաց նա:
Ալեքսեյ Կոնդրատևը անտեղի համարեց հակահայկական որոշ շրջանակների դրսևորումները և նույնիսկ երդվելու անհրաժեշտություն տեսավ, որ Ռուսաստանը և Հայաստանը եղբայրական երկրներ են և այստեղ այլ կարծիք լինել չի կարող:
Նա նշեց, թե իհարկե ներկաների պոռթկումը հասկանալի է, բայց կտրուկ եզրակացություն անել, այդքան էլ ճիշտ չէ:
Հարցին, թե ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտարարել էր, թե արբանյակով նկատել են ադրբեջանական շարժը, արդյոք չի ստացվում, որ նկատել, սակայն չեն զգուշացրել, Չելակինը պատասխանեց, թե ամեն սանտիմետր արբանյակով հետևել հնարավոր չէ: «Հարուստ երևակայություն ունեք, դա տարօրինակ ենթադրություն է: Եվ տեխնիկապես, և այլ կերպ հնարավոր չէ ամեն ինչ հետևել»,- ասաց նա:
Իսկ այն, որ հայկական կողմից առաջարկություն է եղել, որ այցելեն Արցախ, արդյոք դա էլ պետք է համաձայնեցնեն, Կոնդրատևն ասաց, թե իրենք հայ գործընկներին չվստահելու առիթ չունեն և գիտեն, որ պատերազմը ամեն տեղ էլ նույն չար դեմքն ունի:










