Խոնարհվում եմ նրա առաջ, բայց ասենք՝ եկա, գնալու եմ նրա մոտ, ասեմ՝ բարև, ե՞ս եմ. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Կոմանդոսի կոչի մասին
Խորհրդային Միության և Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանցի համար հասկանալի է Կոմանդոսի՝ աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայազգի բարձրաստիճան սպաներին և ռազմական փորձագետներին արված կոչը` միանալու իր ծրագրին, բայց միայն հայրենասիրության տեսանկյունից:
«Կոմանդոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը չափազանց հայրենասեր, պարկեշտ անձ է, մենք իրար հետ ծառայություն ենք անցել, նույնիսկ իմ խորհրդով նա նշանակվել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար (Տեր-Գրիգորյանցը 1993 թ. նա պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր)։ Կրկնում եմ՝ նա հայրենասիրական ու հայության շահերի պաշտպանությանը միտված կոչ է արել, ես խոնարհվում եմ նրա հայրենասիրության առաջ, բայց սա մի մարդու հոգու ճիչ է, որը չի ներկայացնում ո՛չ կառավարությունը, ո՛չ այլ պետական մարմիններ: Ասենք ես՝ Նորատ Տեր-Գրիգորյանցս եկա, բայց ո՞ւմ մոտ՝ Կոմանդոսի՞։ Եկա, ասացի՝ բարև՛, ես եմ, հետո՞ ինչ»,-հարցրեց Tert.am-ի հետ զրույցում Նորատ Տեր- Գրիգորյանցը:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայազգի բարձրաստիճան սպաներին և ռազմական փորձագետներին կոչ է անում միանալ իր առաջարկած ծրագրին, ըստ որի նախատեսվում է ռազմական-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել հայոց բանակին:
Հիշեցնենք, որ այս կոչին առայժմ արձագանքել է միայն լիբանանյան զինվորական Նարեկ Աբրահամյանը:
Նորատ Տեր-Գրիգորյանցը նկատեց, որ, երբ նախորդ տարի Հայց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում է եղել հայազգի այլ զինվորականների ու նույն Նարեկի հետ, Պաշտպանության նախարարությունից որևէ ներկայացուցիչ իր հետ հանդիպելու ցանկություն չի հայտնել, բացի այն, որ «ռեստորաններում եղանք, շքերթին ներկա եղանք»:
Շարունակելով՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց. «Եթե դա չի անում կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը, ստացվում է, որ պետության թիկունքում ինչ-որ ստորաբաժանումներ են ստեղծվում: Եվ կարող եմ ասել, որ երբ 1994-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես ինձ կանչեց, ես աշխատանքից դուրս եկա և այստեղ անցա գործի: Եվ բոլորը եկան բոլոր կողմերից: Իսկ հետո, երբ ամեն ինչ ավարտվեց, զեկուցագիր գրեցի ընկեր Լևոն Տեր-Պետրոսյանին, որ խնդրում եմ ինձ ազատել` բոլոր առաջադրանքները կատարելու կապակցությամբ»:
Դիտարկմանը թե այսինքն, ըստ նրա, նման հրավեր, կոչ պետք է անի ոչ թե մասնավոր անձը, այլ՝ պետությունը, Պաշտպանության նախարարությանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը նկատեց. «Հետևությունները թողնում եմ Ձեզ»:










