Հս. Կորեայում բալիստիկ հրթիռի արձակումը ձախողվել է
Հյուսիսային Կորեայի իշխանություններն ապրիլի 15-ին փորձել են Ճապոնական ծովի հատվածից արձակել գործողության միջին շառավղով բալիստիկ հրթիռ, սակայն նրանց ծրագիրը ձախողվել է:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ըստ հարավկորեական ռազմական հրամանատարության ունեցած տվյալների, խոսքը «Մուսուդան» տիպի հրթիռի մասին է, որը հաջող արձակման դեպքում կարող է հաղթահարել 3.000-4.000 կմ:
Աղբյուրը մանրամասնում է, որ բալիստիկ հրթիռի արձակումը նվիրված էր երկրի հանգուցյալ բռնապետ Կիմ Իր Սենի ծննդյան 104- ամյակին:
Կիմ Իր Սենը Հյուսիսային Կորեան կառավարել է 1948-1994թթ.: Նա հանդիսանում է երկրի պետական գաղափարախոսության` չուչխեի հիմնադիրը: Մահից հետո Կիմ Իր Սենը հռչակվել է «հավերժ նախագահ»: Այժմ Հյուսիսային Կորեան ղեկավարում է նրա թոռը` Կիմ Չեն Ընը:










