Իսպանիայի արդյունաբերության նախարարը հրաժարական է տվել օֆշորային սկանդալի պատճառով. Bloomberg

12:32 • 15.04.16

Իսպանիայի արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Սորիան հրաժարական է տվել, հաղորդում է Bloomberg-ը։

 

Համապատասխան նամակը նա ուղարկել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին։

 

Գործակալության տվյալներով՝ նախարարի հրաժարականը կապված է «պանամական թղթերում» նրա մասին հիշատակումների հետ, որտեղ նա նշվում է որպես պանամական Mossack Fonsceca ընկերության կառավարիչներից մեկը:

 

Այսպես՝ ապրիլի 11-ին իսպանական El Confidencial պարբերականը գրել է, որ «պանամական թղթերում» նշվում է նաև Իսպանիայի արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Սորիայի անունը։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հրապարակվել են մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։

 

OCCRP-ի, ICIJ-ի և ողջ աշխարհում ավելի քան 100 լրատվամիջոցների լրագրողների հետաքննությունն արդեն հանգեցրել է մասշտաբային հետևանքների՝ Իսլանդիայի վարչապետն «օֆշորային սկանդալի» ֆոնին հրաժարական է տվել, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Ավստրիան, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը և Ուկրաինան ստուգումներ են անցկացնում հրապարակված փաստերի առնչությամբ։

 

Իսպանիայի արդյունաբերության նախարարը հրաժարական է տվել օֆշորային սկանդալի պատճառով. Bloomberg