Human Rights Watch-ը կոչ է արել Թուրքիային անհապաղ թույլ տալ սահմանն անցնել 30 հազար սիրիացիների

13:49 • 15.04.16

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Թուրքիային անհապաղ թույլ տալ սահմանն անցնել 30 հազար սիրիացիների, ովքեր ստիպված են եղել դուրս գալ փախստականների համար ճամբարից՝ Սիրիայի հյուսիսային Հալեպ շրջանում ռազմական բախումների պատճառով։

 

«Խաղաղ բնակիչները փախչում են ԻՊ-ի գրոհայիններից, իսկ Թուրքիան կարեկցանքի փոխարեն արձագանքում է կրակոցներով»,- հայտարարել է HRW-ի ներկայացուցիչ Հերի Սիմփսոնը:

 

Թուրքիայում միջազգային մարդասիրական առաքելության աշխատակիցների և թուրքական սահմանին մոտ գտնվող վեց ճամբարների ղեկավարների համաձայն՝ ԻՊ-ի գրոհայիններն ապրիլի 13-ին և 14-ին շարժվել են դեպի երկրի հյուսիս և ստիպել են ճամբարներում գտնվող փախստականների առնվազն կեսին հեռանալ տարածքից։ Ընդհանուր առմամբ, երկրի հյուսիսում գտնվող ճամբարներում եղել է մոտ 60 հազար մարդ։

 

Իրավապաշտպաններին ճամբարներից մեկից փախած սիրիացիները պատմել են, որ գրոհայինները գրավել են ճամբարը, սկսել կրակել և բարձրախոսներով հրամայել են փախստականներին գնալ արևելք՝ ԻՊ-ի տարածքներ։ Մոտ 2 հազար մարդ ուղղվել է դեպի թուրքական սահման: Երբ նրանք մոտեցել են սահմանի պատին, թուրք զինվորները սկսել են կրակել նրանց ոտքերին: Փախստականները ստիպված են եղել ապաստան փնտրել սահմանի մոտ գտնվող այլ ճամբարներում, որոնց մեծ մասը գերբնակեցված է։

 

Human Rights Watch-ը կոչ է արել Թուրքիային անհապաղ թույլ տալ սահմանն անցնել 30 հազար սիրիացիների