Ժիրինովսկին կարող է մնալ առանց բրոնզե հուշարձանի
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու 3-մետրանոց բրոնզե հուշարձանը, որն օրերս հանդիսավոր կերպով բացվել է Մոսկվայում Համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի տարածքում, պետք է ապամոնտաժվի՝ «Կրթության մասին» դաշնային օրենքը խախտելու համար, քանի որ քաղաքական գործչի հուշարձանը կարող է «նպաստել սովորողների մոտ թյուր գաղափարական արժեքների ձևավորմանը և քաղաքական հայացքներ պարտադրելուն»։ Այդ մասին գրում է gazeta.ru-ն։
Բացի այդ, հաղորդվում է, որ այն տեղադրած ինստիտուտը կարող է տուգանվել 100 հազար ռուբլու չափով։
Վլադիմիր Ժիրինովսկու, ում 70-ամյակը նշվելու է ապրիլի 25-ին, հուշարձանի բացման մասին ռեպորտաժները ցուցադրել են Ռուսաստանի բոլոր կենտրոնական հեռուստաալիքները: Բրոնզե արձանը ներկայացրել է դրա հեղինակ Զուրաբ Ծերեթելին։
«Ինչո՞վ կհիշվի այս օրը մարդկությանը։ Առանց կեղծ համեստության ես կասեմ՝ այս արարողությամբ»,- ասել է Ժիրինովսկին։










