Իրանի հատուկ ծառայություններն ահաբեկչի են ձերբակալել երկրի արևմուտքում

14:37 • 17.04.16

Իրանի հատուկ ծառայությունները երկրի արևմուտքում գրոհայինի են ձերբակալել, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Իսլամական Հանրապետության տարածքում: Այդ մասին կիրակի օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հետախուզության գործերով նախարար Այաթոլահ Մահմուդ Ալավին, գրում է ТАСС-ը:
 

«Իրանում ահաբեկչական հարձակում գործելու նպատակով ժամանած ահաբեկիչը ձերբակալվել է հատուկ ծառայությունների կողմից երկրի արևմուտքում:  Ձերբակալվածի խոստովանության համաձայն՝ նա հանձնարարություն է ստացել ահաբեկչական խմբավորումների ղեկավարներից պայթյուն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում»,- ասել է Ալավին:
 

Այաթոլահի խոսքերով՝ ահաբեկչի ձերբակալության գործողությունը հաջողվել է իրականացնել քաղաքացիական բնակչության զգոնության և ակտիվ մասնակցության շնորհիվ:  Նա նաև ընդգծել է, որ «չեզոքացնելով ահաբեկչությունը՝ իրանական անվտանգության ծառայություններին հաջողվել է տապալել տարածաշրջանի որոշ երկրների պլաններն՝ Իրանի անվտանգությունը խախտելու»:

Իրանի հատուկ ծառայություններն ահաբեկչի են ձերբակալել երկրի արևմուտքում