Մարիա Զախարովան հերքել է Ռուսաստան-ՆԱՏՕ գաղտնի հանդիպումների մասին տեղեկությունները
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գաղտնի հանդիպել են, հայտնում է gazeta.ru-ն։
Նման տեղեկություն լրատվամիջոցներում հայտնվել էր Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հայտարարությունից հետո. նա հայտարարել էր «երկու ոչ հաջող» հանդիպումների մասին։
«Ներկայացնում եմ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունները Ռուսաստան-ՆԱՏՕ «գաղտնի-անհաջող» հանդիպումների մասին, որոնք տեղի են ունեցել 2014 թվականի ապրիլի 1-ից հետո։ Դրանք երկուսը չեն եղել։ Դրանք գաղտնի չեն եղել և անցկացվել են տարբեր ձևաչափերով»,-հաղորդել է նա։
Ընդհանուր առմամբ, Զախարովան խոսել է 5 հանդիպման մասին։










