Պուտինի խոսնակը բացատրել է իր եկամուտների քառակի աճը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է 2015 թվականի ընթացքում իր եկամուտների քառակի աճը։ Այդ մասին նա պատմել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» («Воскресный вечер с Владимиром Соловьевым») հաղորդման եթերում։
«Աշխատավարձ: Եվ ես, ցավոք, ժառանգություն եմ ստացել հորս մահանալուց հետո»,- հայտնել է պաշտոնյան:
Ապրիլի 15-ին Կրեմլի գրասենյակը հրապարակել էր իր ղեկավար աշխատակիցների եկամուտների և ունեցվածքի մասին տեղեկություններ: Զեկույցից հետևում է, որ անցած տարի Պեսկովն աշխատել է 36,7 միլիոն ռուբլի։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ունի երկու բնակարան, ավտոկայանատեղի և Toyota Land Cruiser 200 ավտոմեքենա: 2014 թվականին Պեսկովի եկամուտը կազմել է 9,18 միլիոն ռուբլի։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականին աշխատել է 8.9 մլն ռուբլի։










