Քառօրյա պատերազմում հայկական բանակը թերություններ ունեցել է, բայց գլխավոր խնդիրը լուծել է գերազանց. Վաղարշակ Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան առաջին օրերին հայոց բանակի կատարած գործողություններին և հետևություններ անելուն, նախ ընդգծեց, որ հայկական բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ունի բարձր մարտունակություն և ընդհանրապես ռազմաքաղաքական համակարգն ի վիճակի է կատարել իր առջև դրված խնդիրը:
«Թեև մշտապես խոսվում է Ադրբեջանի քանակական առավելությունների մասին, բայց մեր բանակը ապացուցեց այն, ինչի մասին միշտ ասում էինք: Իսկ մնացած հետևությունները, անշուշտ, բանակը կանի: Ես ամբողջովին վստահում եմ մեր բանակին ու համոզված եմ՝ բոլոր թերությունները, որոնք տեղի են ունեցել, ինչը շատ բնական է, կուղղվի»,-ասաց նա:
Այդուհանդերձ, պատասխանելով շատերի կողմից բարձրացվող հարցին՝ ինչո՞ւ են սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորներ, ոչ թե պրոֆեսիոնալ զինվորականներ, Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ ցանկությունները լավ բան են, բայց պետք է միշտ նայել հնարավորություններին:
«Կարելի է ասել՝ մենք պետք է ունենանք միջուկային զենք, կամ մեր բանակը քանակով պետք է լինի այնքան, որքան ունի ասենք ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը: Դա հնարավոր չէ, չէ՞, այսինքն` մարդիկ լավ չեն պատկերացնում այս հարցերը: Մեր երկիրը մշտապես գտնվում է պատերազմական իրավիճակում, ինչը նշանակում է, որ 18-20 տարեկանները ևս պետք է սովորեն սահման պահել, քանի որ հետո նրանք պատերազմի ժամանակ կազմում են բանակի ռեզերվը՝ իր փորձով ու ռազմական մասնագիտություններով: Ի՞նչ եք կարծում, մեր բանակի ղեկավարությունը նույն հարցերի շուրջ չի մտածել, չի քննարկել»,-ասաց նա:
Վաղարշակ Հարությունյանը նաև նշեց, որ եթե սահմանին պայմանագրային զինծառայողներ լինեն, ապա դա իր հետ կբերի բազմաթիվ գումարային ու սոցիալական խնդիրներ:
«Այդ մարդը պետք է ունենա համապատասխան սոցիալական պաշտպանություն, բնակարան առաջին գծում, ընտանիքին պետք է տեղափոխի, երեխաները պետք է գնան դպրոց: Մենք պետք է հաշվի առնենք նաև մեր պետության հնարավորությունները»,-ասաց նա:
ՊՆ նախկին նախարարն ընդգծեց, որ քառօրյա պատերազմում, իհարկե, հայկական բանակը թերություններ ունեցել է, բայց գլխավոր խնդիրը լուծել է գերազանց ձևով, ինչն էլ ամենակարևորն է:
«Ի վերջո, ո՞վ է պատրաստել հերոսաբար կռվող զինվորին, իհարկե բանակը: Մեղադրում են, թե փամփուշտները վերջացել են: Իհարկե, փամփուշտները միշտ էլ վերջանում են, որովհետև ամեն տեղ կա ըստ համապատասխան քանակի փամփուշտներ: Եվ մեկ անգամ չեմ բացառում, որ թերություններ եղել են, որոնք կշտկվեն և պատժվողներ էլ կլինեն, քանի որ յուրաքանչյուր սխալի հետևում մարդու կյանք է կանգնած»,-ասաց նա:
Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ այդ պատերազմում մի շարք սպաներ են զոհվել, ինչը նշանակում է, որ նրանք զինվորների հետ առաջնագծում են եղել, չեն թաքնվել, իսկ այդ սպային դաստիարակել է նույն բանակը:










