Էկվադորում երկրաշարժից 40 ժամ անց փլատակների տակից տղամարդու են դուրս բերել

10:49 • 19.04.16

Էկվադորցի և կոլումբացի փրկարարները երեկ երեկոյան Պորտովյեխո քաղաքում փլատակների տակից հանել են մի տղամարդու, որն այնտեղ 40 ժամ է անցկացրել օրերս տեղի ունեցած երկրաշարժից հետո։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, փրկված տղամարդը եղել է հյուրանոցի ադմինիստրատոր և աղետի պահին առաջին հարկում է գտնվել։ Ինը հարկանի հյուրանոցի շենքն ամբողջությամբ փլատակների է վերածվել, սակայն Պաբլո Կորդոբեի բախտը բերել է. նա ողջ է մնացել և կարողացել է զանգահարել հարազատներին՝ հաղորդելով իր գտնվելու վայրի մասին։

 

Մի քանի ժամ աշխատելուց հետո փրկարարներին հաջողվել է հասնել տղամարդուն և նրան ազատել քարե գերությունից։ Հյուրանոցի 5 հյուրերի բախտը չի բերել. նրանցից երեքի դիերն արդեն դուրս են բերվել փլատակների տակից, երկուսի ճակատագիրն անհայտ է։

 

Էկվադորում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին ապրիլի 16-ի երեկոյան։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 20.2 կմ խորությամբ։

 

Երկրաշարժից ավերվել էին բազմահարկ հյուրանոցներ, ռեստորաններ, բնակելի տներ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 413 մարդ։

Էկվադորում երկրաշարժից 40 ժամ անց փլատակների տակից տղամարդու են դուրս բերել