Էստոնիայի նախագահը որպես դիջեյ հանդես կգա Հելսինկիի ակումբներից մեկում

13:49 • 19.04.16

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Հելսինկիի ակումբներից մեկում որպես դիջեյ է հանդես գալու։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ FlashNord-ին հղումով։


Իլվեսը համերգ կտա Ֆինլանդիայի մայրաքաղաքում ապրիլի 28-ին։ Նա կներկայացնի 1960-1970-ական թվականների իր սիրելի ռոք ստեղծագործությունները՝ ներառյալ Դևիդ Բոուիի, The Beach Boys-ի, The Who-ի, Ramones-ի և New York Dolls-ի։

 

«Համերգին կլինեն այն երգերը, որոնք ռադիոն հեռարձակում էր այն ժամանակ, երբ ես դեռ երեխա էի»,-ասել է երկրի 62-ամյա ղեկավարը։

 

Ելույթը կկայանա «Սիլթանեն» ակումբում։ Նախագահին օգնելու է հայտնի ֆինն երաժիշտ Սամի Յաֆֆան։


Շատ երգեր, որոնք հնարավոր է հնչեն համերգին, ներառված են Իլվեսի Teenage Wasteland սկավառակում։ Այդ ալբոմը երկրի ղեկավարը ներկայացրել էր Տալլինի «Սիպրուս» կինոթատրոնում՝ անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին։


Որպես դիջեյ երկրի նախագահը հանդես էր եկել նաև Ռիգայի ռեստորաններից մեկում կազմակերված երեկույթին՝ դեկտեմբերի 19-ին։

Էստոնիայի նախագահը որպես դիջեյ հանդես կգա Հելսինկիի ակումբներից մեկում