Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետողը ձերբակալվել է. ՀՀ ՔԿ

09:48 • 19.04.16

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան.  տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։


2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։


Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984թ. ծնված Հ.Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:


Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:


Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ:


Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:


Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

 

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետողը ձերբակալվել է. ՀՀ ՔԿ