ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերի ուղևորությունը Կամերուն ողբերգական շրջադարձ է ունեցել. դեսպանի ավտոշարասյան զրահապատ մեքենաներից մեկը մահացու ելքով վրաերթի է ենթարկել փոքրիկ տղայի։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել Մոկոլո քաղաքի մոտ, որտեղ Փաուերն իր գործընկերների ու լրագրողների ուղեկցությամբ պետք է հանդիպեր ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց հետ:
Դեսպանն արձագանքել է ողբերգական միջադեպին` ասելով, որ հանդիպել է մահացած 7-ամյա փոքրիկի ընտանիքի հետ ու իր խորին ցավակցությունը հայտնել նրանց: Աղբյուրը նկատում է, որ Փաուերին ուղեկցողներից շատերը, հայտնվելով մահացու վրաերթի վայրում ու տեսնելով սգացող ծնողներին, չեն կարողացել զսպել արցունքները:
Հայտնի է, որ մեքենայի վարորդը, ով, ի դեպ, կամերունցի է, չի գերազանցել թույլատրելի արագությունը, սակայն երեխան այնքան անսպասելի է հայտնվել ճանապարհին, որ վարորդը չի հասցրել արգելակել:










