ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանը հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելու փաստեր է ներկայացրել
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ելույթ ունենալով ԵԽԽՎ ազատ քննարկումների ձևաչափով մտքերի փոխանակությանը Վեհաժողովի պատվիրակներին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի գործած գազանությունների փաստեր:
Մասնավորապես, երբ գլխատված հայ զորակոչիկի գլուխը ադրբեջանական կողմը հպարտությամբ ցուցադրում էր ու տարածում համացանցում, իսկ հայկական կողմին վերադարձված մարմիններն ունեցել են անարգանքի և կամ խոշտանգման ակնհայտ հետքեր:
«Ռազմագերիների կտտանքների շարքից մեկ այլ դրվագ ներառում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի 18 մահացած զինծառայողների մարմինների խեղումը, որոնք ռազմական գործողություններից մեկ շաբաթ հետո փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ ԿԽՄԿ–ի ներկայացուցիչների ներկայությամբ»,– ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը:
Նաիրա Կարապետյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից կիրառած «Գրադ» կայանքի օգտագործումից Արցախում սպանվել է 12 տարեկան երեխա, ևս երկուսը՝ վիրավորվել:
ԵԽԽՎ պատգամավորը նաև հայտնել է, որ Արցախյան հակամարտությունում հայկական կողմի դիրքորոշումը ոչ թե վեճ է տարածքի համար, այլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված մոտեցում:
Ըստ Նաիրա Կարապետյանի` Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Ադրբեջանի հանձնառությունը` բարեխղճորեն մասնացել բանակցային գործընթացին, այլև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային հիմնարար իրավունքի մի շարք սկզբունքներ. 1970 թվականի Միջազգային իրավունքների հռչակագրին, 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:










