Oբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին` Սիրիայում ամերիկացու փրկության հարցում ցուցաբերած օգնության համար
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` Սիրիայում ամերիկացի Քևին Դոուսի փրկության հարցում ցուցաբերած օգնության համար:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, Օբամա-Պուտին հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկացի լուսանկարիչ Քևին Դոուսի` Սիեթլ քաղաքում բնակվող ընտանիքն ապրիլի 10-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ինչպես նաև Չեխիայի ղեկավարություններին` Դոուսի փրկության հարցում գործադրված ջանքերի համար։
Հայտնի է, որ ապրիլի 1-ին Դոուսը ռազմական ինքնաթիռով Սիրիայից տեղափոխվել է Մոսկվա, ինչից հետո հանձնվել է ամերիկացի դիվանագետներին: Նշվում է, որ ԱՄՆ-ի քաղաքացին ընտանիքի հետ չի կարողացել կապ պաշտպանել 2012թ. ի վեր: Սիրիայի իշխանությունների պնդմամբ՝ Դոուսն ապօրինաբար էր հատել թուրք-սիրիական սահմանը։










