Telegram-ի հիմնադիրը բոտերի ծրագրավորողներին 1 մլն դոլար կտա

12:04 • 19.04.16

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն այդ ծառայության համար բոտեր ստեղծողների մրցույթ է հայտարարել, որի հաղթողները կկարողանան ստանալ 25 հազար դոլարից սկսվող դրամաշնորհներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ապրիլի սկզբին հայտնի է դարձել, որ երկու խոշոր սոցիալական ցանցերը՝ Facebook-ը և Telegram-ը, սկսել են գործիքներ ստեղծել բոտերի ստեղծման համար՝ սոցիալական ցանցերում շփվելու և արհեստական ինտելեկտի կատարելագործման նպատակով։

 

Ինչպես նշվում է մեսենջերի կայքի բլոգում, գումարի ընդհանուր չափը, որից կտրամադրվեն դրամաշնորհները, կկազմի 1 միլիոն դոլար։ Մրցույթի մասնակիցները պետք է հատուկ ծրագրի միջոցով ստեղծեն բոտ, որը միաժամանակ կլինի արագ և օգտատերերի համար օգտակար:

 

Բլոգում նշվում է, որ Telegram-ի հիմնադիրները դեմ չեն նաև այլ հարթակներից բոտերի տեղափոխմանը, եթե դա արված է որակով, և բոտն, արդյունքում, ամբողջապես ներդրվում է մեսենջերում:

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ն է։

 

Բոտը ծրագիր է, որն իրականացնում է որոշակի գործողություններ այն նույն ինտերֆեյսերով, որով սովորական մարդիկ։

 

Telegram-ի հիմնադիրը բոտերի ծրագրավորողներին 1 մլն դոլար կտա