ՌԴ արտգործնախարարությունը պարզաբանել է Լավրովի ջինսե հագուստը՝ Մոնղոլիա այցի ընթացքում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուլան Բատորում իրեն դիմավորող պաշտոնական պատվիրակության առաջ հայտնվել է ջինսով։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածը պատճառաբանել է գիշերային թռիչքով։
Ինչպես տեղեկացնում է tvrain.ru-ն, Զախարովային խոսքով՝ Լավրովի կոստյումը լայնորեն քննարկվել է մոնղոլական լրատվամիջոցներում ու բլոգներում, սակայն իրականում դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ռուսական պատվիրակությունը գիշերն ինքնաթիռում է անցկացրել և նախատեսում էին հագուստները փոխել հյուրանոցում՝ բանակցություններից առաջ։
«Անքուն գիշերվանից հետո տարօրինակ կլիներ կոստյումով դուրս գալը»,-ասել է Զախարովան՝ պարզաբանելով, որ դիվանագիտական արարողակարգը ցանկացած իրավիճակի համար հանդերձանք չի նախատեսում և պետք է ղեկավարվել «նպատակահարմարությամբ ու խելամիտ լինելով»։
«Գիշերն անցկացրել են ինքնաթիռում, օրը փոխվել է, և կարծում եմ, որ այդտեղ սարսափելի ոչինչ չկար»,-ասել է նա։
Զախարովան նշել է, որ եթե բանակցությունները պլանավորված լինեին թռիչքից անմիջապես հետո, ապա պատվիրակությունն արդեն համապատասխան կոստյումներով կլիներ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Լավրովի արտաքին տեսքը չպետք է դիտարկել դիվանագիտական տեսանկյունից։
«Օդանավակայանում ամեն ինչ ընկերական էր, և մենք հաստատ ոչ մեկի նկատմամբ չէինք ցանկանում անարգանք դրսևորել»,-հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ մոնղոլական ներկայացուցիչներից ոչ մեկ չի մեկնաբանել Լավրովի հագուստը։










