Հանովերում ապրիլի 25-ին տեղի կունենա Մերկելի, Օբամայի, Քեմերոնի, Օլանդի և Ռենցիի հանդիպումը
Հանովերում ապրիլի 25-ին կկայանա Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հանդիպումը։ Այդ մասին տեղեկությունը չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հաստատել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Վիրցը, գրում է ТАСС-ը։
«Երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, կկայանա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Օրակարգում կլինեն միջազգային քաղաքականության հարցերը»,- ասել է նա:
«Կլինի արդյոք հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիս, թե ոչ՝ ես դեռ չեմ կարող ասել»,- նշել է Վիրցը:
Ինչպես նշել են Բրիտանիայի վարչապետի գրասենյակում, հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կդառնա Եվրոպայում ներկայիս միգրացիոն ճգնաժամը։ Բացի այդ, կողմերը կքննարկեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և «Լիբիայում ընթացիկ իրավիճակը»։










