Մերկելն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայից գերմանացի լրագրողի արտաքսման առնչությամբ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառավարության անունից մտահոգություն է հայտնել այն բանից հետո, երբ Թուրքիան ապրիլի 19-ին երկրից արտաքսել է գերմանացի լրագրողի, գրում է Hurriyet Daily News-ը։
Կանցլերը հայտարարել է, որ գերմանացի պաշտոնյաներն «անմիջապես ուսումնասիրել են խնդիրը»։
«Արտգործնախարարությունը, մասնավորապես, մշտապես կապի մեջ է համապատասխան բոլոր իշխանությունների հետ և, իհարկե, փորձում է վերականգնել լրագրողի աշխատելու հնարավորությունը: Մենք հետևում ենք դրան և որոշ մտահոգությամբ ենք վերաբերում այդ հարցին»,- ասել է նա:
Թուրքիայի ոստիկանությունը Գերմանիայի պետական ARD հեռուստաընկերության լրագրող Վոլքեր Շվենկին ձերբակալել է Կահիրեից Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան ժամանելուց հետո։ Նա ժամանել էր թուրք-սիրիական սահմանին փախստականների հետ հարցազրույցներ անելու նպատակով։










