Մուսուլման եղբայրները զրկվել են շվեյցարական քաղաքացիությունից` ձեռքսեղմումից հրաժարվելու պատճառով

10:24 • 20.04.16

Շվեյցարիայի իշխանությունները դադարեցրել են 2 մուսուլման եղբայրներին քաղաքացիություն տրամադրելու գործընթացը, քանի որ տղաները հրաժարվել են սեղմել իրենց կին ուսուցչի ձեռքը։


Ինչպես նշում է The Guardian-ը, Բազել կանտոնի Թերվիլ քաղաքում բնակվող 14 և 15 տարեկան եղբայրները, որոնց անունը չի նշվում, դարձել են թեժ բանավեճերի թեմա, երբ հրաժարվել են սեղմել իրենց ուսուցչուհու ձեռքը` ասելով, որ դա հակասում է իրենց հավատքին։

 

Տեղեկանալով այս մասին` Թերվիլի կրթական գծով իշխանություններն ընդառաջել են եղբայրներին` թույլ տալով նրանց չսեղմել իգական սեռի ուսուցիչների ձեռքը, և որպեսզի գենդերային խտրականություն չլինի, նրանք նաև թույլ են տվել չսեղմել տղամարդ ուսուցիչների ձեռքը։


Փոխզիջման նման օրինակը դուր չի եկել մի շարք շվեյցարացի քաղաքական գործիչներին` այդ թվում նաև արդարադատության նախարար Սիմոնետա Սոմարուգային, ով ասել է, որ «ձեռքսեղմումը շվեյցարական մշակույթի մի մասն է»:


Այս միջադեպից անմիջապես հետո Բազել կանտոնի իշխանությունները դադարեցրել են եղբայրներին քաղաքացիության տրամադրման գործընթացը:
 


 

Մուսուլման եղբայրները զրկվել են շվեյցարական քաղաքացիությունից` ձեռքսեղմումից հրաժարվելու պատճառով