Չինաստանում ռազմական օբյեկտները լուսանկարած տղամարդուն դատապարտել են 7 տարվա ազատազրկման

11:56 • 21.04.16

Չինաստանում դատարանը տղամարդուն դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ օտարերկրյա հետախուզության համար ռազմական օբյեկտները և ռազմածովային ուժերի նավերը լուսանկարելու համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նինբո քաղաքի բնակիչ Չեն Վեյը լուսանկարները և այլ տեղեկություն փոխանցել է ոմն Ցզի Տյանի, որի քաղաքացիությունը չի նշվում։
 

Գործակալությունը հայտնում է, որ օգտագործելով նավերի կայանման վայրի ու նրանց համարների մասին տվյալները՝ օտարերկրացի մասնագետները կարող էին պատկերացում կազմել Արևելաչինական ծովում չինացի զինվորականների գործունեության մասին։

 

Իրավապահները չեն բացահայտում տեղեկությունը, թե որ երկրի հետախուզության համար է աշխատել Չեն Վեյը։

 

Միայն հայտնի է, որ առաջադրանքը կատարելու համար նա ստացել է առնվազն 20.000, սակայն թե ինչ արժույթ՝ չի նշվում։

Չինաստանում ռազմական օբյեկտները լուսանկարած տղամարդուն դատապարտել են 7 տարվա ազատազրկման