Էկվադորի իշխանությունները երկրաշարժից հետո հարուստների համար հարկ են սահմանել
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է ավերիչ երկրաշարժից հետո երկրի վերականգնման նպատակով մի շարք միջոցներ ներդնելու մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 570 մարդ։ Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժի հասցրած վնասը կարող է կազմել մոտ 3 միլիարդ դոլար:
Նախագահի առաջարկած միջոցների թվում է մեկ տարվա ընթացքում վաճառքի հարկերի բարձրացումը 12 տոկոսից 14 տոկոսի:
Բացի այդ, ավելի քան 1 միլիոն դոլար կապիտալ ունեցող երկրի քաղաքացիները պարտավոր են պետությանը վճարել իրենց կարողության 0,9 տոկոսը:
Նրանք, ում ամենամսյա եկամուտը կազմում է 1000 դոլար, պետք է վճարեն իրենց մեկ օրվա եկամտին հավասար գումար, 2000-ական դոլար վաստակողները կվճարեն 2 օրվա աշխատավարձը։
Ռաֆայել Կորեայի խոսքով՝ բնակչության բոլոր շերտերը, ինչպես սպասվում է, իրենց նպաստը կունենան երկրի վերականգնման գործում։










