A320 ինքնաթիռը խուսափել է Ֆրանսիայի երկնքում անօդաչու սարքի հետ բախումից

17:13 • 21.04.16

Իռլանդական Air Lingus ավիաընկերության ինքնաթիռը խուսափել է Ֆրանսիայի երկնքում անօդաչու թռչող սարքի հետ բախումից։ Այդ մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը:

 

Դուբլինից ուղևորվող, 100 ուղևոր տեղափոխող Airbus A320-ի օդաչուն հայտնել է, որ ժամանակին է նկատել անօդաչու սարքի թռիչքը Ֆրանսիայի կենտրոնական հատվածում՝ Վալ-Դ՛Ուազ ֆրանսիական դեպարտամենտի շրջանում։

 

«Միջադեպը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ»,- նշում է հեռուստաալիքը:


Տեղի ունեցածի մասին հաղորդվել է Ֆրանսիայի տրանսպորտային ժանդարմերիայի ծառայությանը, որը սկսել է հետաքննություն իրականացնել:

 

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանում ապրիլի 17-ին, երբ անօդաչու սարքը դիպել է վայրէջքի պատրաստվող British Airways ավիաընկերության ինքնաթիռին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:

 

Հաղորդվում է, որ անօդաչու սարքերի թռիչքների կարգավորման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել միայն անցած տարի՝ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության կողմից։

A320 ինքնաթիռը խուսափել է Ֆրանսիայի երկնքում անօդաչու սարքի հետ բախումից