Ադրբեջանի վայրագություններն Արցախում բնորոշ են ISIS-ի գործելաոճին. Իտալիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը Libero պարբերականին
Ադրբեջանի վայրագություններն Արցախում բնորոշ են ISIS-ի գործելաոճին. այս մասին իտալական Libero պարբերականի հետ զրույցում ասել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը։
«Ընդամենը մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում ռազմական կապելանները հագան զրահաբաճկոններ և սաղավարտներ՝ ծերերին, կանանց և երեխաներին պաշտպանող հայ զինվորների (քրիստոնյաների) կողքին լինելու համար: Նրանք առաջին գծում էին՝ հակահարված տալու ադրբեջանական բանակի կողմից գյուղերին սպառնացող հարձակմանը: Կան հիմնավոր փաստեր, որ ադրբեջանական բանակին աջակցում էին տասնյակ վարձկաններ: Որոշ աղբյուրներ հայտնում են Ռաքքայից տեղափոխված ISIS-ի ահաբեկիչների մասին: Դրանք դեռ հիմնավոր փաստեր չեն սակայն: Կատարված վայրագությունները բնորոշ են Isis-ի գործելաոճին: Թալիշ գյուղում սպանվել են քաղաքացիական բնակիչներ, ինքներդ նայեք այս լուսանկարներին…..»,- հոդվածագիր Լեոնարդո Պիչինին մեջբերում է դեսպանի խոսքը և նշում, որ 37-ամյա Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը շատ բառեր չի օգտագործում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նկարագրելու համար, այլ ցուցադրում է «Կալաշնիկովով» գնդակահարված ծերերի, ինչպես նաև ադրբեջանական բանակում կռվող վարձկանների կողմից Isis-ի սարսափելի գործելաոճին բնորոշ կերպով գլխատված և խոշտանգված հայ զինվորների նկարները:
Հոդվածագիրն այնուհետ ընդգծում է, որ իր երկրի սահմաններում տիրող լուրջ իրավիճակը նկարագրելիս դեսպանը խոսում է շատ կիրթ իտալերենով, որը ընդհատում է ընդամենը մի քանի կատարյալ անգլերենով արտասանված տերմիններով. «Նույնիսկ 90-ականների չորս տարի տևած պատերազմի ժամանակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրներից մեծաքանակ մուսուլման վարձկաններ էր օգտագործում: Առավել ապշեցուցիչ էր Հեքմաթիյարի խմբավորումից երեք հազար աֆղան գրոհայինների առկայությունը, Բասաևի չեչեններից բացի: Եվ այսօր Ադրբեջանը իրական պատերազմ է վարում վերաբռնակցելու Լեռնային Ղարաբաղը, որը դե ֆակտո անկախ է 1991-ից և որտեղ բնակչության 95% հայեր են, կռվելու համար օգտագործում է ոչ միայն մուսուլման վարձկաններ, այլ նաև Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպության կողմից հրապարակած ֆաթվաներ: Եվ այս ամենը Էրդողանի թուրքական կառավարության աջակցությամբ: Դեռ ավելին, արդեն 20 տարի է, ինչ ադրբեջանցիները նպաստում են Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպության կողմից ֆաթվաների ընդունմանը, որոնք ուղված են կովկասյան տարածաշրջանում միակ քրիստոնյա երկրի և մեր ժողովրդի դեմ:
Ուշադրություն դարձրեք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի կրոնական շարժառիթներ, սակայն ադրբեջանական կառավարությունը որպես պատրվակ կրոնն է օգտագործում համաիսլամական համերաշխության համար: Այս գործողությունները բռնապետության հետևանք են, ադրբեջանական բռնապետության, որը, չնայած հեղինակության վերականգնմանն ուղված ծախսատար արշավների, առավել հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից մեղադրվում է իր քաղաքացիների հիմնարար իրավունքների պարբերաբար խախտումների մեջ: Ժամանակագրական կարգով վերջինը Եվրոպական խորհրդարանի բանաձևն է, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական ռեժիմի դեմ»,-նշել է դեսպանը։
Հոդվածագիրն այնուհետ հարցնում է, թե կա՞ն ապացույցներ ապրիլի 2-ից 5-ը Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը Isis-ի ներգրավվածության վերաբերյալ:
Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ համացանցում շրջանառվում են ադրբեջանցի գրոհայինների կողմից տարածած լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են խոշտանգված և գլխատված զինվորներ. «Այդ պատկերները հիշեցնում են Սիրիան կամ Իրաքը և ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մենք ունենք երեք հայ բանտարկյալների մասին լուսանկարներ և տեսանյութեր, խոսքս Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների մասին է, որտեղ Ժնևի 1 և 3 կոնվենցիայի դրույթների ակնհայտ կոպիտ խախտմամբ նրանք խոշտանգվել և գլխատվել են՝ մարմինները պղծվել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության շնորհիվ մինչ օրս 16 հայ զինվորականների դիակներ են փոխանցվել հայկական կողմին, որոնք նույնպես բարբարոսաբար խոշտանգված և խեղված էին: Մենք խոսում ենք իրական պատերազմական հանցագործությունների մասին:
Ավելի քան ակնհայտ է, որ դա իսլամական գրոհայինների «ձեռագիրն» է, սակայն դեռ հիմնավորված և վերջնական փաստեր չեն:
Սիրիայի որոշ լրագրողական աղբյուրներ խոսում են իսլամական ահաբեկիչների խմբակցության մասին, որոնք անցել են Թուրքիայի սահմանները և վերջին մարտերի ժամանակ աջակցություն են ստացել «Գորշ գայլեր» անվանվող ծայրահեղական ազգայնական շարժման խմբավորման ներկայացուցիչների կողմից»:
«Գորշ գայլերի» կարգախոսն է «Թուրքիան չունի այլ ընկեր, քան թուրքը». նրանց հետքերը բազմիցս երևացել են Սիրիայի պատերազմի ժամանակ։
Դեսպանը հավելել է, որ այդ ամենը տեղի է ունեցել, երբ ադրբեջանական զինված ուժերը սկսել են օդային և ցամաքային զանգվածային հարձակումը՝ բնակելի վայրերի և դպրոցների ուղղությամբ կիրառելով հրթիռներ և կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով. «Մենք ձգտում ենք միջազգային կառույցների կողմից ադրբեջանական վայրագությունների դատապարտմանը, իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը, մենք չենք տեսնում դիվանագիտական գործիքի այլընտրանք»։
Հայկական բանակը կասեցրել է հարձակումը և ստիպել Ադրբեջանի իշխանություններին հրադադար խնդրել: Բախումների ընթացքում այսօրվա դրությամբ 64 հայ զինվոր է զոհվել, մինչ դեռ ճակատամարտում սպանված ադրբեջանցի զինվորների թիվը գերազանցում է 200-ը, նշում է հոդվածագիրը։










