Բրյուսելում ահաբեկիչների նպատակը եղել են կոնկրետ չվերթների ուղևորները. La Derniere Heure
Մեկ ամիս առաջ Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած մահապարտ ահաբեկիչները գործել են նպատակային. որպես թիրախ նրանք ընտրել են Իսրայել, Ռուսաստան և ԱՄՆ մեկնող ուղևորներին, գրում է բելգիական La Derniere Heure թերթը։
«Օդանավակայանի շենք մտած երեք ահաբեկիչները չէին պատրաստվում հարվածն առանց թիրախի իրականացնել: Նրանք պարզել էին իրենց թիրախները: Երևում է (տեսահսկման համակարգերի ձայնագրություններում), թե ինչպես են նրանք սկզբից ուսումնասիրում ավիաչվերթների թռիչքների ժամատախտակը, իսկ այնուհետև մտադրված ուղղվում են Իսրայել, Ռուսաստան և ԱՄՆ թռչող ուղևորների գրանցման սեղանների մոտ»,- գրում է թերթը՝ վկայակոչելով Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկների ձայնագրությունների ուսումնասիրմամբ զբաղվող աղբյուրներին։
Օդանավակայանի շենքում իրենց պայթեցրել են 29-ամյա բելգիացի Իբրահիմ էլ-Բաքրաուին և 24-ամյա Նաջիմ Լաաշրաուին: Նրանց 30-ամյա հանցակից Մոհամեդ Աբրինին, ով ինչ-ինչ պատճառներով չի պայթեցրել իրեն, ձերբակալվել է ապրիլի 8-ին: Նա խոստովանել է, որ Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունից րոպեներ առաջ տեսախցիկներում երևացող «գլխարկով մարդն» ինքն է։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, 340-ից ավելի մարդ ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










