Սիրիայում գերեվարված, այնուհետ ազատ արձակված ֆրանսիացի լրագրողները հաստատել են Բրյուսելի ահաբեկիչներից մեկի ինքնությունը

17:27 • 22.04.16

2013-2014 թվականներին Սիրիայում իսլամիստների կողմից գերեվարված ֆրանսիացի լրագրողները հաստատել են Բրյուսելի միջազգային օդանավակայանում իրեն պայթեցրած ահաբեկիչ մահապարտներից մեկի ինքնությունը։

 

Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, նախկին պատանդները հաստատել են, որ Նաջիմ Լաաշրաուին իրենց հսկողներից մեկն է եղել, երբ նրանք Սիրիայի իշխանությունների դեմ կռվող գրոհայինների մոտ են պահվել։

 

Հատկանշական է, որ ազատվելուց անմիջապես հետո՝ երկու տարի առաջ, ծեծի, սպառնալիքների և խոշտանգումների ենթարկված լրագրողները հայտարարել էին, որ գրոհայինների մեջ եղել են Ֆրանսիայի և Բելգիայի քաղաքացիներ: Այդ ժամանակ այդ նորությունը մեծ արձագանք էր գտել ֆրանսիական հասարակության շրջանում։

 

Ֆրանսիացի լրագրողներն առևանգվել էին իսլամիստների կողմից Հալեպի շրջանում ռեպորտաժ պատրաստելու ժամանակ:

 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, 340-ից ավելի մարդ ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Սիրիայում գերեվարված, այնուհետ ազատ արձակված ֆրանսիացի լրագրողները հաստատել են Բրյուսելի ահաբեկիչներից մեկի ինքնությունը