iPhone «կոտրելն» ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին արժեցել է ավելի քան 1,3 մլն դոլար
Սան Բերնարդինոյում ահաբեկչություն իրականացրած Սաիդ Ֆարուքին պատկանող iPhone բջջային հեռախոսը կոտրելն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին արժեցել է ավելի քան 1,3 միլիոն դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հեռախոսը կոտրելու համար ծառայությունը ծախսել է ավելի, քան նա կաշխատի մինչև իր թոշակի անցնելը՝ նշելով, որ իրեն մնում է յոթ տարի և չորս ամիս:
Reuters գործակալությունը նշում է, որ այդ ընթացքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը կստանա 1,3 միլիոն դոլար, քանի որ նրա պաշտոնական աշխատավարձը կազմում է տարեկան 183 հազար դոլար:
Կայքը հիշեցնում է, որ բյուրոյի փորձերը՝ կոտրել Ֆարուքի հեռախոսը, հանգեցրել են iPhone արտադրող Apple ընկերության հետ կոնֆլիկտի: Քննիչները դատարանի միջոցով պահանջել են պարտավորեցնել ընկերությանն օգնել ստանալ սմարթֆոնում պահվող տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, գործը դատավարությանը չի հասել, և բյուրոն հայտարարել է, որ ինքնուրույն կարողացել է կոտրել iPhone-ը, ինչի առնչությամբ հետ է կանչել իր հայցը։










