Նորվեգիայում F-16 կործանիչը փրկել է մահամերձ մարդու կյանքը
Նորվեգացի բժիշկները մահամերձ վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար դիմել են արտասովոր քայլի. նրանք դիմել են F-16 կործանիչի օգնությանը` անհրաժեշտ բժշկական սարքավորումը մեկ այլ հիվանդանոցից իրենց հիվանդանոց արագ տեղափոխելու համար։
Ինչպես հայտնում է France24-ը, թոքերի և սրտի հատուկ պրոցեդուրաների համար նախատեսված ECMO սարքավորման` ճիշտ ժամանակին չբերվելու դեպքում հիվանդին չէր հաջողվի փրկել։
Աղբյուրը մանրամասնում է, որ հիվանդը պառկած է եղել Բուդո քաղաքի հիվանդանոցներից մեկում, մինչդեռ նրա փրկության համար անհրաժեշտ սարքավորումը գտնվել է 450 կմ հեռավորության վրա տեղակայված մեկ այլ բուժհաստատությունում։
Հաշվի առնելով, որ մեքենայով գնալու դեպքում որքան երկար կտևեր ճանապարհը` բժիշկները որոշել են կապվել Նորվեգական օդուժի հետ ու խնդրել իրենց տրամադրել մեկ F-16 կործանիչ։
Աղբյուրը հավելում է, որ ռազմական ինքնաթիռը սարքը տեղ է հասցրել 25 րոպեում` այդպիսով փրկելով հիվանդի կյանքը:










