Մենք հավատարիմ ենք մնում կողմերի հետ ԼՂ-ում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը. ԱՄՆ պետդեպ (տեսանյութ)

11:02 • 22.04.16

Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերի հետ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին ապրիլի 21-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:

 

«Առաջին հերթին մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դա է առաջ գնալու լավագույն ուղին։ Եվ, ինչպես դուք գիտեք, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ այցելել է տարածաշրջան՝ ցույց տալով, որ մենք ցանկանում ենք, որ կողմերն անհապաղ վերադառնան բանակցությունների և կարգավորման գործընթացին։ Եվ մենք կրկին հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի միակողմանի դիվանագիտությունը չի՞ ստվերում բազմազգ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, և ո՞րն է որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ԱՄՆ-ի ներկայիս դերը։

 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության ու տպագրության բաժինը մեկնաբանությամբ է հանդես եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի առնչությամբ։


Դրանում, մասնավորապես, նշվում է. «Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրավիճակի համատեքստում ռուսական կողմը հաստատակամ է այն հարցում, որ 1994թ. կնքված Հրադադարի, ինչպես նաև ի զարգացում դրա 1995թ. կնքված Հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը կրում են անժամկետ բնույթ ու նախկինի պես հանդիսանում են հակամարտության գոտում հրադադարի գործընթացի հիմքը։

Այս սկզբունքային դիրքորոշումը, որն ամբողջապես համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ընդհանուր մոտեցմանը, ներկայացվել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչության` ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանն ուղղված նոտայում»։
 

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում է։ Լավրովին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

 

 

Մենք հավատարիմ ենք մնում կողմերի հետ ԼՂ-ում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը. ԱՄՆ պետդեպ (տեսանյութ)