Սնոուդենը Նորվեգիայից երաշխիք է պահանջում առ այն, որ իրեն չեն արտահանձնի ԱՄՆ-ին
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դատի է տվել Նորվեգիայի կառավարությանը՝ պահանջելով թույլ տալ իրեն մուտք գործել երկիր և չհանձնել իրեն ԱՄՆ-ին։ Այդ մասին ասված է Schjødt փաստաբանական բյուրոյի հաղորդագրությունում, որը ներկայացնում է երկրում Սնոուդենի շահերը:
Սնոուդենը վերջերս արժանացել է նորվեգական Փեն-ակումբի մրցանակին, որի մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է Օսլոյում։ Սնոուդենը ցանկանում է մասնակցել դրան՝ անձամբ մրցանակը ստանալու համար:
Ինչպես նշվում է փաստաբանների հայտարարությունում, Սնոուդենի և Փեն-ակումբի անունից Օսլոյի քաղաքային դատարան ուղարկված հայցը պահանջում է ճանաչել, որ ԱՄՆ-ին Սնոուդենի արտահանձնումը կլիներ քաղաքական դրդապատճառներ ունեցող որոշում, որը կխախտի նրա իրավունքները:
2013 թվականին Էդվարդ Սնոուդենն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթղթեր է փոխանցել բրիտանական The Guardian թերթին և այլ լրատվամիջոցների՝ մի շարք խոշոր միջազգային սկանդալներ առաջացնելով։










